«Ուրուգվայը միշտ Հայաստանի կողքին է, եւ բարեկամ հայ ժողովուրդը մեր սրտերում եւ հոգիներում է», - ասել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Մոնտեվիդեոում կայացած հանդիպմանը:
Դանիլո Աստորին բարձր է գնահատել Ուրուգվայի հայ համայնքի դերը
հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման գործում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Աստորին համոզմունք է հայտնել, որ չի կարելի ապագա կառուցել` մոռանալով անցյալը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի անկախացումից ի վեր ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցն Ուրուգվայ կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները ամրապնդելու եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանը հարցի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում, ինչը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը՝ զերծ պահելով տարածաշրջանը ռազմական գործողությունների աղետալի հետեւանքներից: Արձագանքելով ԱԺ նախագահի խոսքին` ՈՒԱՀ փոխնախագահը նշել է, որ Ուրուգվայը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի սկզբունքները, կողմնակից է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ժողովուրդների ազատության եւ ազգերի ինքնորոշման, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: «Պետք է հարգել այդ հողի վրա ապրող ժողովրդի ազատությունը, մշակույթը, սովորույթները»,- հավելել է Դանիլո Աստորին: