Ռուսական ՙԱերոֆլոտ՚ և ՙՍիբիր՚ ավիաընկերությունները նվազեցրել են Երևանի ուղղությամբ ավիատոմսերի գները` ազգային փոխադրող ՙԱրմավիայի՚ սնանկացումից հետո:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում նշվում է, որ Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ՙԱերոֆլոտի՚ գները նվազել են 21,4 տոկոսով, 2013 թվականի ապրիլի 2-ին էկոնոմկարգի տոմսի 203,292 հազար դրամից մինչև 159,860 հազար դրամ` ապրիլի 9-ին: Ուշագրավ է, որ ՙԱերոֆլոտը՚ գները բարձրացրել էր ՙԱրմավիայի՚ սնանկության ընթացակարգ հայտարարելուց անմիջապես հետո, քանի որ 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ գինը կազմել է 187,158 հազար դրամ, ինչը 14,6 տոկոսով բարձր է ներկայիս գնից: (Սնանկության ընթացակարգ սկսելու և թռիչքները դադարեցնելու մասին ՙԱրմավիան՚ հայտարարել էր այս տարվա ապրիլի 1-ին):
Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ՙՍիբիրի՚ տոմսերի գներն ապրիլի սկզբից նվազել են 15,7 տոկոսով` 187,993 հազար դրամից մինչև 158,510 հազար դրամ:
Թե ինչով է պայմանավորված ավիատոմսերի գների նվազումը` ՔԱԳՎ-ում ԱրմԻնֆոյի թղթակցին չեն կարողացել մեկնաբանել: Ռուսական ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններում նույնպես չեն մեկնաբանել, վկայակոչելով այն հանգամանքը, որ ներկայացուցիչները բացակայում են:
Հիշեցնենք, որ ՙԱրմավիան՚ չվերթներ էր իրականացնում 28 ուղղություններով և դրանցիցի մի քանիսում ուներ մենաշնորհային իրավունք` ըստ պայմանագրի: Ընկերության սնանկացումը պայմանավորված էր ֆինանսական վիճակի վատթարացմամբ: 2010 թվականին ընկերության վնասը կազմել է 7 մլն դոլար: 2011 թվականի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվել, սակայն, ըսկ մասնագետների գնահատականների, պարտքը գերազանցում է 50 մլն դոլարը: (ՀՀ ԿԲ փոխարժեքը ապրիլի 15-ին 417,40 դրամ է ԱՄՆ 1 դոլարի դիմաց):