Մայիսյան տոների
ընթացքում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի ֆակուլտերի 3-րդ
կուրսի ուսանողները չորսօրյա ճանապարհորդություն ունեցան Հայաստանի հայտնի
տեսարժան վայրերով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից:
«Սա մեր համալսարանի ուսանողների առաջին արտագնա
պրակտիկան էր, - նշեց խմբի ղեկավար, ՌՀՀ
Կարիերայի կենտրոնի տնօրեն, ավագ դասախոս` Գագիկ
Սուխուդյանը: «Մեզ հաջողվեց այցելել շատ պատմական վայրեր, որոնք հանդիսանում են ոչ
միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մշակութային ժառանգությունը: Դրանք են` XIII
դ. կառուցված «Նորավանք» վանքային համալիրը` իր յուրահատուկ հարթաքանդակներով և
աշխարհում միակ «Հայր Աստծո» տեսապատկերով, Քարահունջը, որն իրենից ներկայացնում է
հնագույն գերեզմանատուն, իսկ գիտնականների կարծիքով` նաև աշխարհի ամենահին
աստղադիտարանը, Սելիմյան քարավանատունը` Արևելքի ու Արևմուտքի միջև ընկած ճամփորդների
ու առևտրականների հանգրվանը, Մետաքսե մեծ ճանապարհի մի մասը: Մենք եղանք նաև
Նորատուս գյուղում գտնվող խաչքարերի ամենահին բացօթյա թանգարանում, ուր կարելի է
հանդիպել դեռ V դարում կերտած հնագույն խաչքարը: Ուսանողների վրա մեծ
տպավորություն է թողել նաև հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարանն
ու գերեզմանը, բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող
հոյակերտ որմնանկարները, նրա անձնական իրերը, նրա խոսքն ու, ամենակարևորը, ձայնը,
որն ուսանողները լսում էին առաջին անգամ:
Նյութական տեսակետից սա բավականին լուրջ նախագիծ էր, քանի որ
ճանապարհորդության էր մեկնել մի ամբողջ կուրս: Շնորհակալություն ենք հայտնում
Առէկսիմբանկին այս հիշարժան ճանապարհորդությանը աջակցելու համար»,- ընդգծեց
Գ.Սուխուդյանը:
Ինչպես
նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա
Մարկովան` Առէկսիմբանկն ու ՌՀՀ-ն հին գործընկերներ են և նման ձևաչափում
համագործակցում են առաջին անգամ: «Բանկի կողմից իրականացվող տարբեր սոցիալական
ծրագրերի միջոցով մեծ ուշադրություն է դարձվում նաև երիտասարդ ուսանողների մասնագիտական
զարգացմանն ու աջակցմանը: Մասնակցելով այս հետաքրքիր ճանապարհորդությանը որպես
Բանկի ներկայացուցիչ` ցանկանում եմ նշել, որ մեր այցելած վայրերը ես տեսա առաջին
անգամ և նորովի բացահայտեցի մեր հրաշագեղ երկիրը: Մենք շատ գոհ ենք կազմակերպված
միջոցառումից և հուսով ենք, որ նմանատիպ նախագծերը ՌՀՀ հետ կունենան շարունակական
բնույթ»: