Հայ և վրացի յոգերն այս տարվա օգոստոսին Բաթումի
քաղաքում կանցկացնեն յոգայի առաջին միջազգային փառատոնը: Միջոցառման կազմակերպման
գաղափարը երկու ֆեդերացիաների ներկայացուցիչների կողմից քննարկվել է օրերս,
Վրաստանում:
Հայաստանի Յոգայի
ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրովն ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացրել է, որ դա կլինի առաջին նման միջոցառումը, որը
նախատեսում են կազմակերպել երկու երկրների ֆեդերացիաները: Նախատեսվում է, որ փորձի
փոխանակման, համատեղ պարապմունքների անցկացման, ինչպես նաև պարզապես հանգստի
նպատակով միջոցառմանը կմասնակցեն հայ,
վրացի, ռուս և թուրք յոգերը: «Յոգան միշտ էլ եղել է առանց սահմանների, դա
համամարդկային արժեք է, որից յուրաքանչյուրը վերցնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ
է: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ այն սկսել է ավելի ակտիվորեն զարգանալ
ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում»,-ասել է Դանդուրովը:
Նրա խոսքով, Վրաստանի Յոգայի ֆեդերացիայի նախագահ Գեորգի
Բերձենիշվիլու հետ ինքը ծանոթացել է Facebook-ի միջոցով, ինչի արդյունքում էլ առաջացել են շփումների ու համագոծակցության
գաղափարները: Մայիսի 25-ին Դանդուրովը Վրաստանում տեղի յոգերի հետ կազմակերպել է
առաջին աշխատանքային հանդիպումը: Հայաստանի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի
Կախեթի մարզի Սիգնախի քաղաքը, իսկ հաջորդ օրը Թբիլիսիում, Վրաստանի Յոգայի ազգային
ֆեդերացիայի գրասենյակում, տեղի է ունեցել պրակտիկ պարապմունք և ցուցադրում:
Վրացիները ցուցադրել են նոր ուղղության` ակրոյոգայի բավականին հետաքրքիչ տարրեր,
որը հանդիսանում է զուգայոգայի բարձրագույն աստիճանը և հագեցված է ակրոբատիկ
տարրերով: Ըստ Դանդուրովի, Հայաստանում
ակրոյոգայով գործնականում դեռ ոչ ոք չի զբաղվում, բայց վրացի գործընկերների հետ
համագործակցության արդյունքում այդ փորձը կզարգանա:
Վրաստանի
Յոգայի ազգային ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բերձենիշվիլին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում հաղորդել է, որ փառատոնն անց է կացվում յոգան հանրամատչելի դարձնելու
նպատակով: «Սա մեր առաջին հանդիպումն էր, մենք կսկսենք համագործակցել: Գտնում եմ,
որ համագործակցությունը կլինի օգտակար և մեզ կմիանան նաև մյուսները»,-ասել է նա:
Ըստ Բերձենիշվիլու, առաջին անգամ Վրաստանում նախատեսվում է յոգայի միջազգային
փառատոնի անցկացում: Վերջին տարիներին յոգան Վրաստանում մեծ տարածում է գտել: Նա
նշել է, որ դա շատ ռացիոնալ լուծում է ժամանակակից մարդու համար, որը որոշել է
ամրապնդնել իր մարմինը, հոգին ու մտքերը: Թղթակցի հարցին, թե արդյո՞ք յոգան չի
հակասում կրոնին, հատկապես մեդիտացիայի առումով, Բերձենիշվիլին ասել է. «Կրոնը դա
մարդու զուտ անհատական ընկալումն է, մենք դրանով չենք զբաղվում, մենք կրոն չենք
քարոզում, մենք ազատությւոն ենք քարոզում, ինչպես նաև խելամտություն և առողջ
ապրելակերպ»: