ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
ՙԵթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում ադրբեջանական անկանոն կրակոցներին, և պատժվում են միայն նպատակային կրակոցները, որի մասին բազմիցս արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև այն, որ հայկական կողմն առանց որևէ պատճառի երբևիցե առաջինը չի հրահրում իրավիճակի սրում, ապա, այո՛, հայկական կողմի արձագանքը կարելի է զուսպ համարել:
Սակայն ինչ վերաբերում է անհամարժեքությանը, ապա այդ գնահատականի հետ կտրականապես անընդունելի, քանի որ պաշտոնական լրահոսի պարզ մոնիտորինգն անգամ կարող է ցույց տալ այս դեպքում որպես հիմնական ցուցիչ հանդիսացող հակամարտող կողմերի կորուստների իրական պատկերը: Լրատվամիջոցներով այդ կորուստների ներկայացման ձևերին և մեթոդներին (ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական կողմն իր կորուստները հաճախ հիմնավորում է մտացածին տարբեր պատճառներով), անդրադառնալիս, ըստ էության, պետք է նկատի ունենալ, որ դա քաղաքակրթական-բարոյական տարբերության արդյունք է: Պատերազմական ցանկացած իրավիճակ հրամանատարության համար դիլեմա է, և դա մեր դեպքում շարունակվում է 1994թ.-ից:
Ի դեպ, այդ ժամանակից ի վեր «մեծ ջանքերի և հնարամտությանե շնորհիվ է հնարավոր լինում արդյունավետ զսպել ադրբեջանական իշխանությունների նկրտումները և պահպանել ուժերի հարաբերակցությունը, թույլ չտալ հակառակորդին ստանալ ո՛չ ռազմավարական, և ո՛չ էլ մարտավարական առավելություն: Բանակի խնդիրների լիարժեք կատարման արդյունքում է չեզոքացվում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը` հնարավորություն ընձեռելով ձեռնամուխ լինել խնդրի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը: Կարծում ենք նման եզրահանգումները նաև չեն օժանդակում տեղեկատվական հակամարտության մեջ ջանքերին և նպատակներին՚,- գրել է նա:
Նշենք, որ ILur.am-ում զետեղված հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ: Առաջին բնախագահի կարծիքով, դա բացատրվում է հետեւյալ հանգամանքով. հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, Տեր-Պետրոսյանի համոզմամբ, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ ՙՀայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջեւ, որի լուծումը ահռելի ջանքեր եւ բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում՚, - նշել է Լ.Տեր-Պետրոսյանը։Նրա կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` Եւրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եւրասիական միության շրջանակում Հայաստանի դեռեւս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։