ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն ՙՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)ե պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Արա Ավետիսյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել անցած տարվա աշնանը, երբ աշխատավարձի հաշվարկման նոր համակարգի անցման հետ կապված`ՀՊՃՀ դասախոսների աշխատավարձը նվազել է 25-30%-ով: Արդյունքում բուհում ստորագրահավաք է անցկացվել` ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնում Ավետիսյանի աշխատանքի նպատակահարմարությունը քննարկելու պահանջով: