Առաջիկա 4 տարում չեն լինի կուսակցություններ կամ
անհատներ, որոնք ի զորու են դիմակայել Հայաստանի իշխանություններին: Դեկտեմբերի
23-ի մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն,
քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա ասելով, նախորդ տարվա
ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը, եթե չասենք վերացել են, ապա, համենայն
դեպս, չափազանց թուլացել են:
Նա կարծում է, որ
փողոցային բողոքները և ակտիվիստների գործունեությունը քաղաքացիական բողոք չեն,
ինչպես դրանք որակվում են, դրանք քաղաքական ակցիաներ են, որոնք, սակայն, չեն կարող
փոխարինել դասական տեսակի քաղաքականությանը:
Պատասխանելով
իրադարձությունների հետագա զարգացմանն առնչվող հարցին` հասարակական դժգոհության
լույսի ներքո, Իսկանդարյանը նշել է, որ 5 հազար քաղաքացիներ չեն կարող իրենց
նպատակին հասնել, դրա համար հարկավոր է քաղաքական ուժ, որը կարողանա փողոց հանել
500 հազար մարդու: «Հարկավոր է առաջնորդ,
որին այդ կես միլիոն քաղաքացիները վստահեն», - ասել է Իսկանդարյանը: