Մաքսային միությանն ընդգրկվելու վերաբերյալ Հայաստանի որոշումն ավելի ուժեղացրեց ԵՄ և Ռուսաստանի միջև լարվածությունը: Այս մասին է նշվում BBC-ի կայքում հրապարակված հոդվածում: Հրապարակման հեղինակը նշում է, որ Երևանի` ՄՄ-ին անդամագրվելու որոշումը խախտեց ԵՄ-ի` կովկասյան հանրապետության հետ ավելի սերտ կապեր հաստատելու պլանները:
Հոդվածում նշվում է, որ նոյեմբրին ԵՄ պատրաստվում է ասոցացման համաձայնագիր ստորագրել նախկին խորհրդային մի քանի հանրապետությունների հետ, բայց հազիվ թե Հայաստանը լինի դրանց շարքում: Հայաստանի քայլն ուժեղացրեց Արևմուտքի անհանգստությունն, այն առումով, որ Ռուսաստանը ձգտում է վերահսկողություն հաստատել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ: Ըստ բրիտանական հրապարակման, ԵՄ հետ Ասոցիացիայի վերաբերյալ համաձայնագիրը դուրս է առևտրի դյուրացման շրջանակներից, քանի որ պարունակում է նաև ժողովրդավարական ստանդարտների պահպանում և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում, որոնք չեն հանդիսանում Ռուսաստանի հետ Մաքսային միության մասը:
ՙՌուսաստանը և Հայաստանը նախկին խորհրդային գործընկերներ են, քրիստոնեական ընդհանուր ավանդույթներով, վաղուց արդեն ունենալով սերտ կապեր: Հայաստանը շարունակում է շրջափակման մեջ մնալ Ադրբեջանի հետ տարածքային կատաղի վեճի պատճառով, որի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, իսկ որոշ դիտորդներ նշում են ուղղակի կապը` Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի և Մաքսային միության մեջ մտնելու միջև՚,-նշում է հոդվածի հեղինակը:
BBC-ն հղում է կատարում Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության փորձագետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Տաննոքին, ով գտնում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի շուրջ անհանգստությունը, հավանաբար, ազդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վրա: