1994 թ. մայիսին մի կողմից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և մյուս կողմից Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մասին պայմանագիրն ընդհանուր առմամբ բխել է Հայաստանի և ԼՂՀ շահերից, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
ՙԵս ասում եմ դա` հենվելով այդ ժամանակ գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունների ու պայմանների վրա: Պատմությունը ստորադասական եղանակ չի ճանաչում, այդ պատճառով այսօր անիմաստ է դատողություններ անել, թե որքան մեր բանակը կարող էր դեռ առաջ շարժվել: Սույն պայմանագրով մենք ամրագրել ենք դե-ֆակտո այսօր գոյություն ունեցող ԼՂՀ սահմանները: Չեմ կարծում, որ ՀՀ Գլխավոր շտաբը և անձամբ Վազգեն Սարգսյանը հաշվի չեն առել այդ ժամանակ գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները՚,- ընդգծել է Հարությունյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը մեծ դժվարությամբ է ստորագրել այդ պայմանագիրը: Մասնավորապես` Բաքուն պահանջել է ԼՂՀ` որպես բանակցությունների կողմ բացառում և հայկական զորքերի դուրս բերում նախկին ԼՂԻՄ սահմաններ: Սակայն, բանակցությունների արդյունքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը, Հարությունյանի խոսքով, փաստացի ստորագրել է շփման գծից հայկական և ադրբեջանական ուժերի 5 կմ հեռացում ենթադրող փաստաթուղթը:
ՙԳաղտնիք չէ, որ Ադրբեջանը ձգտում էր ժամանակ շահել: Մինչև հրադադարը Բաքուն ձգտում էր անջատել Ղարաբաղը Հայաստանից` հարձակվելով հյուսիսից դեպի հարավ, սակայն պարտությունը կտրուկ փոխեց իրավիճակը: Այնպես ստացվեց, որ ստորագրելով հրադադարի մասին պայմանագիրը` ադրբեջանցիները չէին հասկանում, որ այդպիսով իրենք դե-ֆակտո ճանաչում են ԼՂՀ գոյություն ունեցող սահմանները: Այդ իսկ պատճառով նախարար Մամեդովը հետո Բաքվին մեղադրել է Ղարաբաղը հանձնելու մեջ՚,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը: