ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունն այսուհետ կազմելու է 170.256 դրամ/խմ` գործող 174.059 դրամ/խմ-ի փոխարեն: Այսպիսով ջրի սակագինն էժանացավ ընդամենը 3.8 դրամով, թեև էժանացումը ավելի զգալի պետք է լիներ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 21-ից:
Նիստի ժամանակ ներկաներից մեկը հետաքրքրվեց` 2006թ-ին, երբ պայմանագիրը կնքվում էր, հանրությանը մատուցվեց, որ գոյություն ունի սակագնի աստիճանական նվազեցման դինամիկ ժամանակացույց և 2016թ-ին պետք է նվազի մինչև 90 դրամ/խմ.
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ դա ուժի մեջ է և անկախ ամեն ինչից վերջին 10-րդ տարում մենք կունենանք 90 դրամ բազիսային սակագին գումարած համապատասխան չորս գործոններով ճշգրտումները:
Նշված սակագինը կգործի Երևանում և Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Բաղրամյանը նշել է, որ սակագները փոխելու նպատակով Հանձնաժողովին էր դիմել ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը: Հետաքրքրական է, որ ընկերությունն առաջարկել է սակագինը սահմանել 166.044 դրամ: Նա նշել է, որ սակագինը ձևավորելիս հաշվի է առնվում հետևյալ 4 գործոնները` ինֆլյացիան, էլեկտրաէներգիայի գինը, ՀՀ դրամի փոխարժեքը և ջրի սպառման ծավալները: Նա նշել է, որ սակագինը կարող էր լինել ավելի ցածր, եթե չլիներ էլեկտրաէներգիայի սակագների հուլիսի 7-ից սպասվող աճը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Գ.Բաղրամյանը հիշեցրել է, որ ջրի սակագինը վերանայվում է: