Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ հայաբնակ Քեսաբ քաղաքում խաղաղության ապահովման համար, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին մոտ:
Ինչպես հաղորդում է
Բերիական նորությունների էջը «Ֆեհսբուքում», մարտի 21-ին Քեսաբի վրա սկսված հարձակման առաջին իսկ ժամերից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հետեւում է ստեղծված ծանր կացությանն ու հատկապես, Քեսաբի հայերի դիմագրաված դժվարություններին: Արամ Ա. կաթողիկոսը կապվել է Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի եւ Լիբանանի հոգեւոր, համայնքային եւ քաղաքական պատասխանատուների հետ եւ խորհրդակցություններ անցկացնել։
Երբ շաբաթ օրը Թուրքիայի կողմից կազմակերպված կերպով հարձակումներ
են ձեռնարկվել Քեսաբի վրա, Արամ Ա. կաթողիկոսը կապվել է Սիրիայի նախագահական պալատի հետ եւ պահանջել անհապաղ բանակային նոր ջոկատներ ուղարկել Քեսաբ՝ պաշտպանելու շրջանի հայությանը։
Հենց նույն գիշերը Վեհափառին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը եւ հայտնել, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին եւ վստահեցնել, որ սիրիական պետությունն ու բանակն անելու են հնարավորը՝ շրջանում խաղաղության վերահաստատման համար։
Դեսպանը հայտնել է, որ իրենց ունեցած ստույգ տեղեկությունների համաձայն, Թուրքիան ոչ միայն քաջալերել
է գրոհայինների մուտքը Քեսաբ, այլեւ նրանց տրամադրել է ծանր զենքեր եւ դյուրացրել է նրանց առաջխաղացումը։ Դեսպանը հաղորդել է, որ թեեւ Սիրիայի բանակը զոհեր է տվել, սակայն կարողացել է զգալի չափով հետ մղել գրոհայինների
ներթափանցումը։ Դիվանագետը նշել է, որ Սիրիայի նախագահն ու պետությունը խոր հարգանք են տածում հայ ժողովրդի հանդեպ եւ սիրիահայերին համարում է սիրիական հայրենիքի հավատարիմ քաղաքացիներ, որոնց պաշտպանությունը պետության պարտականությունն է։ Նա նաեւ նշել է, որ Քեսաբը ռազմավարական նշանակություն ունի Սիրիական բանակի համար, ապա ավելացրել, որ բանակը ժամանակավորապես հայությանը տարհանել է Լաթաքիա՝ անվտանգության նկատառումներով։
Երեկ կեսօրին Լիբանանում Սիրիայի դեսպանը պատգամավոր Հակոբ Բագրատունու միջոցով Արամ Ա. կաթողիկոսին հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերահաստատել է իր հանձնառությունը՝ Քեսաբում շուտով անվտանգությունը վերահաստատելու համար, միաժամանակ հայտնել է, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Վեհափառ հայրապետի հետ։