Բարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում առաջին անգամ խոսեց գործող իշխանության վերարտադրության անթույլատրելիության մասին, և դա պետք է ողջունել: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, քառյակի համագործակցությունը նոր մակարդակ է դուրս գալիս, իրավիճակն այսօր որակապես այլ է: Իսկ Ծառուկյանի հայտարարությունը, թե պետք չէ բացառել երկկողմ համագործակցությունը քառյակի ձևաչափի փոխարեն, Զուրաբյանին չի մտահոգում: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ քառյակի պառակտման վերաբերյալ կասկածների որևէ նախադրյալ, առիթ չի տեսնում: ՙԲՀԿ ներկայացուցիչներն իրենց հրապարակային հայտարարություններում և մեզ հետ հանդիպումներում բազմիցս հասկացրել են, որ խիստ լուրջ են տրամադրված՚,- ասել է Զուրաբյանը:
Նշենք, որ իր վերջին հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ լայնամասշտաբ քաղաքական խորհրդակցություններ և ակտիվ հանդիպումներ է սկսում հանրապետության մարզերում: Ըստ որում, Ծառուկյանը նշել էր, որ ոչ իշխանական քառյակի շրջանակներում համագործակցության ձախողման դեպքում ԲՀԿ-ն քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի երկկողմ ձևաչափով: