Պաշտպանական խնդիրներ կատարելուց բացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ հարվածներ է հասցնում հակառակորդին, և նման գործողություններ ամենից հաճախ ձեռնարկվում են մեր սահմաններից դուրս: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`նշելով, որ այդ ամենը գաղտնիության սկզբունքներ է պարունակում և խորհուրդ տալով լրագրողներին չխորանալ մանրամասների մեջ:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 8-ին դիվերսիայի հերթական փորձ է ձեռնարկել: Թշնամին, տարբեր գնահատականներով, 5-ից մինչև 7 զինվոր է թողել մարտի դաշտում: Հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել: ՙԱյդ կորուստները մնում են հակառակորդի խղճի վրա, միայն նա է պատասխանատվություն կրում շփման գծում իրավիճակի սրման համար: Մենք կշարունակենք կասեցնել բոլոր սադրանքները և իրադրության ապակայունացման փորձերը՚,- նշել է նախարարը:
Նախարարի խոսքով, հայկական կողմը կցանկանար, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ միջնորդների`շփման գծում միջադեպերը դատապարտող հայտարարությունները հասցեական լինեին և հստակ նշվեր հրադադարի ռեժիմը խախտող կողմը: