Երկաթուղին բարձր վտանգավորության օբյեկտ է, և կոչ է անում անշեղորեն հետևել անվտանգության պահանջներին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ անվտանգության ծառայության պետի պաշտոնակատար Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով, միայն 2013 թ. 9 ամիսներին ՀԿԵ-ում գրանցվել է վրաերթի 21 դեպք, որից 4-ը մարդկանց վրաերթ, 17-ը`անասունների: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է նաև ավտոտրանսպորտի հետ բախումների 7 դեպք:
Արմեն Պետրոսյանն ընդգծել է, որ 2012 թ. երկաթուղում գրանցվել է անասունների վրաերթի 28 դեպք: Ըստ որում`ՀԿԵ վնասը միայն նման դեպքից կազմել է 1,75 մլն դրամ: Նրա խոսքով, ընկերությունն արդեն բազմիցս դիմել է բնակչությանը`կոչ անելով ավելի ուշադիր լինել երկաթուղու կայարաններում, երկաթուղային գծերը հատելիս չանցնել ուղիները դրա համար չնախատեսված վայրում, չօգտագործել դրանք որպես արոտավայրեր:
Ընկերությունն իր կողմից ձեռնարկում է անվտանգության պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները. իրականացվում է գծանցների արդիականացման և նորոգման ծրագիր, հերթապահներն անցնում են հատուկ տեխնիկական դասընթացներ, վարորդներին բաժանվում են անվտանգության նորմերի մասին հուշաթերթիկներ, բոլոր երկաթուղային կայարաններում առկա են հետիոտների համար նախատեսված հատուկ անցումներ:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է ՙՀայկական երկաթուղիներ՚ ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: