«Մենք դեմ ենք ապագա պատերազմներին: Մենք դեմ ենք, որ մեր երեխաներն ու թոռները ատեն եւ սպանեն միմյանց, մենք դեմ ենք թշնամություն սերմանող քաղաքականությանը, դեմ ենք հարեւանի հանդեպ ատելության մթնոլորտին», - ասվում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի (Հայաստան) եւ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի (Ադրբեջան) համատեղ հայտարարությունում:
«Մենք երկու կին ենք՝ իրավապաշտպան եւ լրագրող, երկու մայր՝ Ադրբեջանից եւ Հայաստանից, համագործակցում ենք մոտ տասը տարի: Ուս ուսի տված կանգնած ենք արդեն 20 տարի պատերազմական վիճակում գտնվող մեր ժողովուրդների միջեւ հանրային երկխոսության ստեղծման եւ ամրապնդման ոչ դյուրին գործում: Մոտ տասը տարի մենք գնում ենք ձեռք ձեռքի տված՝ թողարկելով համատեղ հոդվածներ,
գրքեր, վերջապես՝ ստեղծելով առաջին եւ միակ համատեղ ինքնատիպ կայքը: Այն երկխոսության հարթակ է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Մեր կայքում շփվում, վիճում, մեզ համար կարեւոր հարցեր էին քննարկում Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի երկրների քաղաքացիները», - նշվում է հայտարարությունում:
Հայտարարությունում
ասվում է, որ ապրիլի 19-ին Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրել եւ կալանավորել են
(ԱՀ ՔՕ 274 հոդված, որի համար 10 տարվա կալանքից մինչեւ ցմահ բանտարկություն է սպառնում) կայքի առցանց կոնֆերանսների եւ Հայաստանում անցկացվող միջազգային կոնֆերանսների ակտիվ մասնակից, լրագրող Ռաուֆ Միրկադիրովին, ով Գերդ Բուցերիուսի անվան մրցանակակիր
է, Ադրբեջանի վաստակավոր լրագրող, իսկ նրան «ժողովրդական դիվանագիտության» միջոցառումներին մասնակցելու մեղք են վերագրում:
«ԱՀ նախագահի որոշմամբ ապրիլի 22-ին Գլխավոր դատախազության եւ Ազգային անվտանգության նախարարության քննչական համատեղ խումբ է ստեղծվել՝ «Հայաստանի օգտին լրտեսական ցանցը բացահայտելու նպատակով»: Դժվար չէ կանխատեսել, որ այդ ցանցում նախատեսում են ներառել հենց մեր Երկխոսության մասնակիցներին: Արդեն ճնշումներ են սկսվել Լեյլայի ամուսնու՝ Արիֆ Յունուսովի հանդեպ: Ութ գրքի եւ 230-ից ավելի հոդվածների հեղինակ Ա. Յունուսովը 2001թ.-ից Հայաստանում անցկացվող միջազգային կոնֆերանսների ակտիվ մասնակիցն էր: Ներկայումս Արիֆ Յունուսովը նախաինսուլտային վիճակում գտնվում է հիվանդանոցում: Ադրբեջանի իշխանությունները, «բացահայտելով լրտեսական ցանցը», վերջ կդնեն անկախ ՀԿ-ների մասնակցությամբ հայ-ադրբեջանական համատեղ նախագծերին:
Մենք դիմում ենք աշխարհի բարի կամք ունեցող բոլոր մարդկանց: Բարձրացրեք ձեր ձայնը՝ ի պաշտպանություն Կովկասում խաղաղության պահպանման, ատելության բորբոքման եւ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջեւ թշնամության դադարեցման: Պահանջե՛ք մանկահասակ երկու դուստրերի հայր Ռաուֆ Միրկադիրովի անհապաղ ազատում կալանքից: Պահանջե՛ք մեր Երկխոսության ակտիվիստների, ժողովրդական դիվանագիտության մասնակիցների, մեր երկրներում խաղաղության եւ ժողովրդավարության հաստատման կողմնակիցների հանդեպ հետապնդումների դադարեցում», - ասված է հայտարարությունում, որի հեղինակները նաեւ կոչ են անում այս հայտարարությունն ուղարկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմ, գլխավոր դատախազին ԱԱՆ եւ Ադրբեջանի ԱԳՆ: