Հայկական կոնյակ արտադրողների ասոցիացիան ողջունում է Հայաստանի`Եվրասիական մաքսային միություն մտնելու վերաբերյալ որոշումը: Այդ մասին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է հանրապետության բոլոր խոշոր կոնյակ արտադրողներին միավորող ասոցիացիայի նախագահ, Երևանի կոնյակի գործարանի ղեկավար Արա Գրիգորյանը:
ՙՄենք ողջունում ենք Մաքսային միությանն անդամակցումը: Մեզ գոհացնում է մաքսային ձևակերպման հեշտացման հեռանկարը, ապրանքների ազատ տեղաշարժը, շշերի ներմուծումը, ազատ գովազդային գործունեությունը՚,- ասել է Գրիգորյանը: Նա նշել է, որ հայկական կոնյակի վաճառքի 70%-ը բաժին է ընկնում Մաքսային միության մեջ մտնող երկրներին, և այդ կազմակերպությանն անդամակցումը կնպաստի բիզնեսի շահութաբերության աճին: ՙԵթե մենք մտնում ենք ազատ տնտեսական գոտի, որտեղ վաճառվում է մեր կոնյակի 70%-ը, էլ ինչի մասին կարելի է երազել՚,- ասել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին: