Տվյալ
պահի դրությամբ դեսպանությունն Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից
Հայաստանից դեսպանին հետ կանչելու հրահանգ չենք ստացել, հայտարարել է ՀՀ-ում
Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոմանը` ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում
մեկնաբանելով Հայաստանից և Ղազախստանից Ուկրաինայի դեսպաններին հետ կանչելու
հնարավորության վերաբերյալ ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումները` Ղրիմի հանրաքվեի նկատմամբ այդ երկրների դիրքորոշումների
առնչությամբ:
«Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը լիարժեք
աշխատում է, սակայն` էքստրեմալ պայմաններում: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ
երկրում ենք աշխատում, և ինչ դեր է այն խաղում Ռուսաստան-Ուկրաինա-Հայաստան
եռանկյունում: Մենք նաև հիանալի գիտակցում ենք, թե ինչ պայմաններում և ինչպիսի
ճնշման ներքո է գործում Հայաստանի ղեկավարությունը», - հայտարարել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ նա երախտագիտություն է հայտնել հայ
ժողովրդին Ուկրաինային ցույց տրվող զորակցության համար: «Մինչ օրս երկրի շարքային քաղաքացիները գալիս են
դեսպանատուն, իրենց համերաշխությունը հայտնում Ուկրաինայի ժողովրդին` գրառումներ թողնելով սգո մամտյանում: Սակայն
նախագահի աշխատակազմի, կառավարության կամ օրենսդիր մարմնի ոչ մի ներկայացուցիչ այս
ողջ ընթացքում դեսպանատուն չի այցելել և գրառում չի կատարել Սգո մատյանում», -
հավաստիացրել է նա, հավելելով, որ Հայաստանում Ռուսաստանի և Ղազախստանի
դեսպանատների աշխատակիցների բացի ՀՀ-ում հավատարմագրված մյուս բոլոր դիվանագիտական
գերատեսչությունների ներկայացուցիչները եղել են դեսպանատանը և իրենց կարեկցանքը
հայտնել Սգո մատյանում:
Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի
հեռախոսազրույցի ժամանակ արձանագրվել է, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է:
Դրանից հետո Կիևում սկսել են հնչել Հայաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու
կոչեր: