Օգոստոսի 26–ին Երևանում մեկնարկել է միջազգային խոշոր քիմիական կոնֆերանսը (Frontiers in Chemistry 2013): Այս կարևոր իրադարձությանը որպես բանախոսներ Հայաստան են ժամանել արդի քիմիայի հարյուրից ավելի լավագույն գիտնականններ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Կանադայից և այլ երկրներից
ՙFrontiers in Chemistry 2013՚ ծրագիրը ներառում է հրավիրված 19 գիտնականների զեկույցներ և դասախոսություններ: Կոնֆերանցի շրջանակներում կքննարկվեն կենսաօրգանական և սուպրամոլեկուլյար քիմիայի, քիմիական կենսաբանության և նանոտեխնոլոգիաների հարցեր:
Ինչպես նշել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կոնֆերանսը կդառնա աշխարհի տարբեր երկրների գիտնականների միջև փորձի փոխանակման և կապերի հաստատման հարթակ: Ռ.Մարտիրոսյանի ասելով, քիմիան Հայաստանում գիտության զարգացած ուղղություններից մեկն է եղել, ինչն զգալիորեն նպաստել է տնտեսության զարգացմանը: ՙԴժբախտաբար, այժմ մենք այդ ոլորտում չենք կարող հասնել մինչև Հայաստանի անկախությունն արձանագրված ցուցանիշների: Հանրապետությունը պետք է լրացնի բաց թողածը և հատուկ ուշադրություն դարձնի փոքր քիմիայի զարգացմանը՚, - ընդգծել է նա:
Կոնֆերանսը կազմակերպվում է Խրոնինգենի համալսարանի (Նիդերլանդներ) կողմից Երևանի պետական համալսարանի և Բիոտեխնոլոգիայի ինստիտուտի աջակցությամբ: ՙFrontiers in Chemistry 2013՚-ն աշխատանքը կավարտի օգոստոսի 29-ին: