Ուկրաինական ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը դադարեցրել է Կիև-Երևան չվերթը, որը պետք է կայանար հունվարի 9-ին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել են ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացչությունում:
Ըստ աղբյուրի, ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը շաբաթական 3 չվերթ էր իրականացնում դեպի Երևան, և տեղական ժամանակով ժամը 15:50-ին, առաջին անգամ, դադարեցվել է Կիև-Երևան չվերթը: Ֆինանսական պրոբլեմների պատճառով ընկերությունը դադարեցրել է նաև մի քանի այլ ուղղություններով չվերթներ: Ըստ թռիչքների պլանի, դեպի Երևան հաջորդ չվերթը պետք է կայանա կիրակի օրը, սակայն այդ չվերթի դադարեցման մասին դեռ տեղեկություններ չկա, ասել են ներկայացուցչությունում:
Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայանում ԱրմԻնֆո-ի թղթակցին տեղեկացրել են, որ ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունից չվերթի դադարեցման վերաբերյալ տեղեկություն դեռ չեն ստացել: Օդանավակայանում հավելել են, որ ուկրաինական ընկերությունն ընթացիկ պարտքեր ունի հայկական օդանավակայանի հանդեպ, սակայն ՙԶվարթնոցը՚ պարտքերի պատճառով չի դադարեցրել այդ ավիափոխադրողի չվերթները:
Նշենք, որ ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը դադարեցրել է նաև Պրահայից և Երևանից դեպի Կիև երեկոյան չվերթները, հետաձգվել են նաև Աստանայից, Նյու Յորքից, Բանգկոկից, Թել-Ավիվից, ինչպես նաև Կիևից Բաքու և Գոա չվերթները: Սակայն առավոտյան ընկերության մի քանի ինքնաթիռ դեպ Մոսկվա, այնուամենայնիվ, թռել են:
Ըստ լրատվամիջոցների, 2012 թվականի դեկտեմբերի 29-ին Կիևի մարզային տնտեսական դատարանը ՙԱէրոՍվիտ՚ բաժնետիրական ընկերությանն անվճարունակ ճանաչելու վերաբերյալ վարույթ է սկսել: Ավելի ուշ ընկերությունում պարզաբանել են, որ այդ ձևով նրանք ցանկանում են սկսել սանացիայի պրոցեդուրան: Ներկայումս ընկերության չվերթները դադարեցվում են ողջ աշխարհով, իսկ օդանավակայաններում կուտակվել են հարյուրավոր ուղևորներ:
ՙԱէրոՍվիտ՚ ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Սպասարկվում է ՙԲորիսպոլ՚ միջազգային օդանավակայանի բազայի վրա: Ընկերությունը սպասարկում է 80 միջազգային չվերթներ, դեպի 34 երկրներ, այդ թվում նաև 7 տրանսկոնտինենտալ անվայրեջք օդային չվերթներ: