Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքացի Սարգիս Անանյանին /1961թ/ հայրենիք վերադարձնելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, Հայաստանի քաղաքացու հանձնումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին`Իջևան-Ղազախ ճանապարհահատվածում`ԿԽՄԿ միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը հատել էր սահմանը և հայտվել Ադրբեջանում, որտեղ ձերբակալվել էր զինվորականների կողմից:
Նշենք, որ մինչ այդ հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին էր վերադարձրել 15-ամյա Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին: