Նոյեմբերի 19-ին Վիեննայի
Hotel de France հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Արարատ կոնյակի համտեսի միջոցառում: Կազմակերպիչներն էին՝
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Երեւանի «ԱՐԱՐԱՏ» կոնյակի
գործարանը` Ավստրիայի Գինեգործական եղբայրության եւ գինու ասպետների ընկերության
օժանդակությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԳՆ մամուլի,
տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը
բացման խոսքով հանդես է եկել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման
Կիրակոսյանը: Ներկաներին ողջունել է «ԱՐԱՐԱՏ» Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա
Գրիգորյանը: Միջոցառման հյուրերին ներկայացվել է
Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման եւ զարգացման պատմությունը, ներկա
արտադրատեսականին, ինչպես նաեւ համտեսի մասնագիտական նրբությունները: Համտեսի
ամբողջ ընթացքում հնչել է կենդանի ջազային երաժշտություն լիբանանահայ հայտնի ջազ
դաշնակահար Հովհաննես Ջիբյանի կատարմամբ: Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի կառավարության, մասնավորապես, արտաքին գերատեսչության, առեւտրատնտեսական շրջանների
ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների
ղեկավարներ, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության եւ վաճառքի կազմակերպման
հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ:
Ավելի վաղ նմանատիպ
միջոցառում էր տեղի ունեցել Լոնդոնում: Hyatt Regency –
Churchill հյուրանոցում Հայաստանի դեսպանությունը, IDS դիվանագիտական խանութի եւ ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ Vinorium ընկերության հետ համատեղ կազմակերպել էր հայկական կոնյակի համտեսում, որին հրավիրված էին Լոնդոնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագետներ եւ այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես էր եկել դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը։ Այնուհետեւ, հյուրերին ներկայացվել էր հայկական կոնյակի պատմությունն ու առանձնահատկությունները։ Հունիսին «Արարատ» կոնյակը ներառվել էր IDS դիվանագիտական կատալոգում: