Քեսաբի հայերի անվտանգությունը կարճ ժամանակահատվածում
լիովին ապահովված է: Այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի
տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Կարծում եմ` Քեսաբի
հայերն արդեն կսկսեն վերադառնալ իրենց տները: Գրոհայիններն ավերել են քաղաքը,
սակայն այն վերականգնման ենթակա է», - նշել է փորձագետը: Նա ընդսմին կարծում է, թե
չի կարելի ասել երկարաժամկետ անվտանգության մասին, քանի որ, եթե Սիրիայի
իշխանությունը հանկարծ թուլանա, ապա Թուրքիան ձեռքից բաց չի թողնի Լաթաքիայով
Հյուսիսային Սիրիա ներթափանցելու և Միջերկրական ծովի առափնյա տարածքի նկատմամբ
վերահսկողություն հաստատելու հնարավորությունը:
Սաֆրաստյանը կարծում է, որ
Անկարային չհաջողվեց այդ ծրագիրն իրագործել բարձրացված բողոքի ալիքի և միջազգային
հանրության կողմից Քեսաբի իրադարձությունների դատապարտման պատճառով:
Հիշեցնենք,
որ հունիսի 15-ին Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են հայաբնակ Քեսաբ
քաղաքը, որը մարտի 21-ին գրավել էին իսլամական գրոհայինները: