ԵՄ կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ նաև Վիլնյուսի
գագաթնաժողովից հետո: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի
պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան Բաց
հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության և Բաց հասարակության Վրաստան
հիմնադրամի կողմից կազմակերպված «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում – Հայաստան և
Վրաստան» վերտառությամբ հանրային քննարկման ժամանակ:
«Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության
գագաթնաժողովի ընթացքում մենք կշարունակենք գործընթացը, որն սկսվեց 2009 թվականին
Վարշավայում «Արևելյան գործընկերության» նախաձեռնության ստեղծմամբ և շարունակվեց Պրահայում:
Վիլնյուսում մենք կստորագրենք Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիր:
Իսկ Հայաստանի պարագայում, որի հետ մենք արդեն ունենք ռեադմիսիայի շուրջ գործող
համաձայնագիր, համագործակցությունը կշարունակվի` հաշվի առնելով նոր
իրողությունները», - հայտարարել է Հրիստեան:
Նրա ասելով, «Եվրամիությունը
հաշվի է առել» Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը, չնայած այն
հանգամանքին, որ մինչ այդ Երևանը մտադիր էր նախաստորագրել ԵՄ հետ ասոցացման
համաձայնագիրը, ինչի մասին ավելի վաղ բազմիցս հայտարարվել է: «Մենք
հարգում ենք Հայաստանի ընտրության ինքնիշխան իրավունքը, գտնելով, որ տվյալ դեպքում
չափազանց կարևոր է հաշվի առնել Հայաստանի հասարակության կարծիքը: Այդ համատեքստում
մենք անպայման կփորձենք գտնել Հայաստանի հետ համագործակցության ուղիներ` հաշվի
առնելով հայ հասարակության շահերն ու գերակայությունները», -
հայտարարել է դեսպան Հրիստեան: