Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այնքան անտրամաբանական են ու իրականությունից կտրված, որ դրանց լուրջ վերաբերելը խիստ անլուրջ կլիներ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ԵԽԽՎ ամբիոնից Ալիևի վերջին ելույթին, որում Ադրբեջանի առաջնորդը, աղավաղելով պատմությունը, պնդում է, որ Հայաստանի տարածքը հինավուրց ադրբեջանական տարածք է:
ՙԿարող եմ միայն նշել, որ որևէ երկրի ղեկավարին վայել չէ նման բարձր ամբիոնից հանդես գալ այդպիսի անլուրջ հայտարարություններով, որոնց անհիմն լինելու մեջ կարելի է համոզվել`ծանոթանալով միայն Պլուտարքոսի, Ստրաբոնի, անտիկ պատմաբանների այլ աշխատություններին, ի դեպ, հատուկ մատնանշում եմ հունահռոմեական աղբյուրները՚,- նշել է Շարմազանովը`ավելացնելով, որ եթե պատմաբանների աշխատություններին ծանոթանալը բարդություն է ներկայացնում Ադրբեջանի իշխանությունների համար, ապա դժվար չի լինի այցելել Հռոմ և ծանոթանալ անտիկ քարտեզին, որտեղ հինավուրց Հայաստանի սահմանները գծված են Հռոմի, Հունաստանի և հնագույն այլ պետությունների սահմանների հետ մեկտեղ:
ՙՉեմ ցանկանում պատմական էքսկուրս կատարել, սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՙադրբեջանական ժողովուրդ՚, ՙադրբեջաներեն լեզու՚ հասկացություններ գոյություն չեն ունեցել մինչև 1918 թվականը, և դրանում կարելի է համոզվել`թերթելով պատմության դասագրքերը, իհարկե` ոչ ադրբեջանական՚,- նշել է Շարմազանովը: Ըստ որում, նա ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունների վրա ավելի մանրամասն կանգ առնելու հարկ չկա, քանի որ դրանք նույնքան հեռու են իրականությունից, որքան հին ժողովուրդների պնդումները, թե երկրագունդը տափակ է կամ Հիտլերի հավաստիացումները, որ Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը քրիստոնեական գաղափարախոսություն է դավանում:
Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այսօրվա հայտարարությանը, թե ադրբեջանական զինված ուժերը պատրաստ են ՙգրավել՚ Հայաստանը, բայց չեն անում դա`մարդասիրական նկատառումներից ելնելով`Շարմազանովը նշել է, որ դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն Ադրբեջանի ղեկավարությունն ավելի լավ է դասեր քաղի իր նորագույն պատմությունից: ՙՊետք է միայն հետ նայել և հիշել, թե 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի համար ազատագրական պայքարում պարտությունից հետո ինչպես էր Ադրբեջանը հրադադար խնդրում՚,- ասել է փոխխոսնակը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը ԵԽԽՎ ամբիոնից կրկին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի և Երևանի նկատմամբ հավակնությունների մասին: Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, որ ադրբեջանցիներն այդ տարածաշրջանում բնակվել են դարեր շարունակ, իսկ հայերն ընդամենը 200 տարի առաջ են այնտեղ եկել: Նա նաև ավելացրել է, որ ներկայիս Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է Էրիվան հինավուրց ադրբեջանական հողի վրա, որը Հայաստանին է հանձնվել ХХ սկզբին: