Թուրքիայի իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը և չթողնեն այդ խնդիրն ապագա սերունդներին, հակառակ դեպքում` նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը: Այդ մասին հունվարի 29-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը:
Ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ Աբդուլլահ Գյուլը Հայաստանին և հայկական սփյուռքին կոչ է արել ՙհետևում թողնել անցյալի ցավերը և չփոխանցել սերնդեսերունդ՚:
ՙ1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսևորում: Մարդկության դեմ երբևէ իրականացված հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, օրինակ՝ հրեաների Հոլոքոսթը Երկրորդ աշխարհամարտի տարիներին՚,- ասել է Շարմազանովը:
Նա նաև ընդգծել է, որ թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն սեփական պատմության հետ հաշտվելու համար, և պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այդ ծանր բեռը չթողնեն ապագա սերունդներին: