Ֆրանսիայի խորհրդարանականների այցելություններն Արցախ կարևոր են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանը` սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Ֆիլիպ Կալտենբախն իր հերթին գոհունակությամբ է խոսել Հայաստանում իր հագեցած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, քննարկումների, նաև ապակենտրոնացված համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին: Նա նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանականներն ամեն ջանք կգործադրեն առավել ամրապնդելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի մասին, անդրադարձել մեր տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Ֆիլիպ Կալտենբախը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպումը որոշակիորեն կնպաստի գործընթացի խաղաղ կարգավորման նոր հնարավորությունների որոնմանը: