Հայաստանի դիրքերի բարելավումը Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի համատեղ հաշվետվության տվյալներով կազմված տնտեսական ազատության ինդեքսի վարկանշային աղյուսակում խոսում է հանրապետության գործարար մթնոլորտի էական բարելավման մասին և կարևոր նշանակություն ունի տնտեսական բարեփոխումների խորացման համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում` մեկնաբանելով ՙՏնտեսական ազատության ինդեքս 2013՚ զեկույցը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի դիրքերի բարելավումը լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ և հանրապետությունն ավելի հրապուրիչ դարձնում օտարերկրյա ներդրողների համար: Նա ավելացրել է, որ կառավարությանը 2013-ին լարված և արդյունավետ աշխատանք է սպասում, ինչի համար լավ հիմք է դրվել նախորդ տարում:
Հիշեցնենք, որ Հայաստանը 38-րդ տեղն է զբաղեցրել ամերիկյան Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի` երկրների տնտեսական ազատության մակարդակի համատեղ հետազոտության արդյունքում կազմված վարկանշային աղյուսակում: Զեկույցի հեղինակները Հայաստանի ՙՏնտեսական ազատության ինդեքսը՚ գնահատել են 69,4 բալ, այդպիսով` նախորդ հետազոտության համեմատ երկիրն իր դիրքը բարելավել է 0.6 կետով: Հայտնվելով 38-րդ տեղում` Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքում: Տարածաշրջանի երկրների շրջանում լավագույն ցուցանիշ է գրանցվել Վրաստանում, որն զբաղեցրել է 21-րդ տեղը: Վրաստանը ներառվել է ՙհիմնականում ազատ տնտեսություն ունեցող՚ երկրների շարքում: Ադրբեջանի ցուցանիշներն ավելի վատ են. այդ երկրի տնտեսական ազատության ինդեքսը գնահատվել է 59,7 բալ: