ՙԹուրքական Հարավային հոսքը՚ կնպաստի ղարաբաղյան հակամարտության էլ ավելի խորը սառեցմանը: Այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի Պաշտպանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գրիգորի Տիշչենկոն`առցանց հարցազրույցի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
ՙԿարծում եմ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Սևծովյան և հարակից տարածաշրջաններում, հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը, հիմնված կլինի երեք կարևոր կետերի վրա`Լեռնային Ղարաբաղի խնդրի անտեսում, ՙմիջնորդի՚ դերի համաձայնում ղրիմաթաթարական բնակչության ադապտացման հարցերում, ինչպես նաև ՙԲալկաններ Թուրքիայի խաղաղ վերադարձին՚ Մոսկվայի չհակառակում: Առավել ևս, որ ռուսական գազն այժմ Բալկաններ կհոսի Թուրքիայով՚,- նշել է նա:
ՙՄոսկվան երկուստեք քաղաքական կամքի առկայության պայմաններում ամուր ռազմավարական դաշնակցության հարաբերություններ է կառուցել Երևանի հետ: Անկարայի հետ երբեք դա չի լինի: Բայց Թուրքիան մեզ համար այսօր ցանկալի տնտեսական, առևտրային գործընկեր է, և այդ ձևաչափն իդեալական է աշխատում: Ինչ վերաբերում է ՙՀարավային հոսքից՚ մեր հրաժարմանը, դա Ռուսաստանի ղեկավարության կողմից հարկադրված, ռեֆլեքսային քայլ է`ի պատասխան ուկրաինական հարցում Արևմուտքի կոպիտ և բացարձակ հակաարդյունավետ ճնշմանը՚,- ամփոփել է փորձագետը: