Arminfo.info





 Երկուշաբթի, 31 Մարտի 2014

Մանուկյան Կարինե

Մելիք գյուղի բնակիչները սպասում են Թուխմանուկ հանքավայրի առնչությամբ Բնապահպանության նախարարության վճռին

Մելիք գյուղի բնակիչները սպասում են Թուխմանուկ հանքավայրի առնչությամբ Բնապահպանության նախարարության վճռին

Մելիք գյուղի բնակիչները սպասում են Թուխմանուկ հանքավայրի առնչությամբ Բնապահպանության նախարարության վճռին: 


ՙԹռչնասերների կենտրոնի՚ ղեկավար Սիլվա Ադամյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մարտի 28-ին Մելիք գյուղում հանրային լսումներ են տեղի ունեցել երրորդ պոչամբարի կառուցման նախագծի շուրջ: Այդ քայլին Բնապահպանության նախարարությունը գնացել է այն բանից հետո, երբ գյուղի բնակիչներն իրենց բողոքն են հայտնել փետրվարին Երևանում հանրային լսումներ անցկացնելու առնչությամբ:


Ադամյանի խոսքով, լսումների ժամանակ գյուղացիներն իրենց մտավախություններն են հայտնել երրորդ պոչամբարի կառուցման, ինչպես նաև Թուխմանուկի հանքավայրի շահագործման առնչությամբ: Մասնավորապես, նշվել է, որ լեռնահանքային թափոնները խառնվում են ոռոգման ջրերի հետ, ինչի պատճառով բերքը ոչնչանում է: Բացի այդ, Մելքի գյուղի բնակիչները գանգատվում են առողջական խնդիրներից, այդ թվում`թուլություն և գլխապտույտ: 


Փորձագետը նշել է նաև, որ լսումների ընթացքում բնապահպաններն ուշադրությունը հրավիրել են նախագծային որոշ բացթողումների վրա: Փաստաթղթերի համաձայն, պոչամբարը գտնվելու է գյուղից 800 մետր հեռավորության վրա: Մինչդեռ գյուղացիները նշում են, որ իրականում այդ հեռավորությունը չի գերազանցում 200 մետրը:
Բացի այդ, ՙՄեգո գոլդ՚ ընկերությունը, որը ներկայացրել է հիշյալ նախագիծը, ռեկուլտիվացման աշխատանքներ չի իրականացրել Թուխմանուկի երկու`ներկայումս չգործող պոչամբարներում: Դա իր հերթին լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ սպառնում է շրջակա միջավայր ծանր մետաղների ներթափանցմամբ:


Անցած տարի բնապահպանները Գլխավոր դատախազությանը կոչ են արել` պարզել Թուխմանուկի հանքավայրի շահագործման լիցենզիայի հետ կապված իրավիճակը: 2005 թ.ընդերքօգտագործման թույլտվության համաձայն, հանքավայրը պետք է շահագործվեր բաց եղանակով 2 տարի, ինչից հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր նոր նախագիծ ներկայացնել և անցնել Թուխմանուկի փակ շահագործման: Չնայած այդ պահանջին` ՙՄեգո գոլդ՚ ընկերությունը /Global Gold Mining-ի դուստր/, բնապահպանների կարծիքով, կասկածելի միջոցներով երկարացրել է բաց շահագործման լիցենզիան: 


Ավելի վաղ ՙՀայաստանի կանաչների միության՚ ղեկավար Հակոբ Սանասարյանը նշել էր, որ պոչամբարը կառուցվելու է Քասախ գետի հունի մոտ, որտեղ կան բնակավայրեր` այգիներով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի աղբյուրներով: Բացի այդ, Թուխմանուկը գտնվում է Հանքավանի ջրաբանական արգելավայրի անմիջական հարևանությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն