Դրամի արժեզրկումը լավ հնարավորություններ է ստեղծում
տեղական արտադրությունը խթանելու և արտահանմանը կողմնորոշված տնտեսություն
ստեղծելու համար: Դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել
ընդդիմադիր գործիչ Զոյա Թադևոսյանը:
Նրա ասելով, դրամի արժեվորման նպատակով Կենտրոնական
բանկի իրականացրած միջամտությունը միայն բարդացնում է իրավիճակը արժույթի
շուկայում և երկիրը զրկում առկա պահուստներից: «1998 թվականի դեֆոլտից հետո
Ռուսաստանն իրավիճակից ելք գտավ և սկսեց զարգացնել հայրենական արտադրությունը:
Հայաստանը նույնպես կարող է օգտվել այդ փորձից և, օրինակ, հենց նույն 6 մլն դոլարն
ուղղորդել տնտեսության զարգացմանը», - նշել է նա:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իր հերթին համարժեք և
անհրաժեշտ է համարել Կենտրոնական բանկի գործողությունները: Նրա գնահատմամբ, դրամի
արժեզրկումը ցույց տվեց, որ հայկական արժույթն էֆեմերային կատեգորիա է, քանի որ
Հայաստանում չկա տնտեսություն` որպես այդպիսին: Փորձագետը նշել է, որ դրամի
կախվածությունն այնպիսի թույլ արժույթից, ինչպիսին է ռուբլին, վկայում է ազգային
տնտեսական քաղաքականության բացակայության մասին: «Մշտապես հնչում են Հայաստանի տնտեսությունում ներդրումներ
կատարելու կոչեր, սակայն իրականում անհնար է ներդրումներ ներգրավել մի երկրում,
որտեղ ծաղկում է կոռուպցիան, գոյություն ունի բիզնեսը կորցնելու վտանգ», -
համոզված է նա:
Ավելի վաղ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը հայտարարել էր,
որ Կենտրոնական բանկը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը և կպահպանի ազատ լողացող
փոխարժեքի քաղաքականությունը, որի շրջանակում, անհրաժեշտության դեպքում,
արժութային ներխուժումներ կիրականացնի շուկայում: Դեկտեմբերի 9-ին արժույթի
շուկայում միջամտության ընթացքում ԿԲ վաճառել է 6 մլն դոլար` 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի
ծառայությունից, սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Արժույթի շուկայի փորձագետների կարծիքով, չնայած ԿԲ-ի միջամտության փոքր ծավալներին, այնուամենայնիվ, ինչ-որ չափով դանդաղել է դրամի արժեզրկման տեմպը: Սակայն, արժույթի շուկայում հավասարակշռություն ստեղծելու համար, ինչին ձգտում է ԿԲ-ն, անհրաժեշտ են ոչ միայն ամենօրյա, այլև ավելի լուրջ ծավալի ներխուժումներ: