Մարտի 31-ին, Զատկի օրը ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը և կսկսի այցելել Հայաստանի մարզեր: Այդ մասին նա հաղորդել է մարտի 29-ի հանրահավաքում:
ՙՀացադուլն այս պայքարում վերջակետ չի դնի: Այն կշարունակվի մինչև ապրիլի 9-ը, իսկ մինչ այդ մենք կայցելենք Հայաստանի մարզեր և կհավաքենք բանակ, որը հետագայում կնվաճի իշխանհությունը՚, - նշել է նա: Ընդ որում Հովհաննիսյանն ընդգծել է, որ չի վախենում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությունից, թե ՙհնարավոր է Հովհաննիսյանի գլուխը ջարդեն քարերով` ինչպես վայել է օձերին՚, և Խաչատրյանին հրավիրում է ՙմենամարտի՚` ապրիլի 1-ին Կապանի հրապարակում:
Հովհաննիսյանի ելույթի ժամանակ Ազատության հրապարակ են եկել կանաչ ակտիվիստները` Եղիա Ներսիսյանի ղեկավարությամբ: Նրանք բարձրացել են Ալեքսանդր Սպենդիարովի հուշարձանի վրա և այնտեղից աջակցություն հայտնել Հովհաննիսյանին, սակայն քաղաքային ոստիկանության աշխատակիցները նրանց խնդրել են վայր իջնել, ինչը դժգոհություն է հարուցել հավաքվածների շրջանում: Արդյունքում` միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը և ակտիվիստներին խնդրել միանալ հավաքվածներին ու այդպես լսել իր ելույթը, ինչից հետո ակտիվիստները հաճույքով զիջել են դիրքերը: