Լևոն Տեր-Պետրոսյանն անցյալի քաղաքական գործիչ է, և պետք չէ ուշադրություն դարձնել նրա տխուր վերլուծություններին, այսօր մամլո ասուլիսի այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
ՙՆա, որպես քաղաքական գործիչ, արդեն պատմության գիրկն է անցել: Եվ նրա ռուսամետ վերջին հայտարարություններն արմատապես տարբերվում են նրա մնացած բոլոր հայտարարություններից: Դա նշանակում է, որ հայ հասարակայնությունը պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնի նախկին առաջնորդների կարծիքին՚,- ասել է Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է Հայաստանում ՙԵվրոմայդանի՚ անհնարինության պատճառները: Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ այդ պատճառներից առաջինն ու գուցե ամենահիմնականը պատմական է։ ՙՀակառուսական տրամադրված որոշ անհատների եւ մարգինալ տարրերի մշտակա առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երեւույթ, երբեւէ գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի։ Անկախ նրանից՝ տվյալ կատեգորիկ պնդումը ոմանց դուր կգա, թե ոչ, մենք գործ ունենք մի անհերքելի իրողության հետ, որի ակունքները պետք է փնտրել բացառապես հայ ժողովրդի ոչ հեռավոր պատմության ծալքերում։ Անհնար է ժխտել, որ վերջիվերջո հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել եւ հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում։ Հետեւաբար, անհնար է նաեւ այս իրողությունը ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունից՝ վերածված գրեթե կենսագոյության բնույթի ենթագիտակցության, ինչը հատուկ է մանավանդ ցեղասպանության ենթարկված ազգերին՚,- ասել է նա: