Ավելի քան 100 երկրներում այսօր նշվում է Ապահով
համացանցի օրը: Չորրորդ տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Orange-ը, «Հայաստանի
ինտերնետ հանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ
համատեղ նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ
ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի
ծառայությունից, «Ապահով համացանցի միամսյակ» նախաձեռնության շրջանակներում 150
դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից
ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Հատուկ ուսումնական
տեսանյութերի միջոցով Orange-ը ծնողներին պատկերավոր ցուցադրելու է երեխաներին ոչ
ցանկալի բովանդակությունից պաշտպանելու
հնարավորությունները: Կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց
ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը,
ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով
դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությանը մասնակցում են նաև
Օրանժ Արմենիայի աշխատակիցներ, ովքեր միամսյակի ընթացքում համացանցից ապահով
օգտվելու վերաբերյալ իրենց գիտելիքներն ու փորձը կկիսեն ծնողների հետ:
«Վերջին տարիներին Հայաստանում մեծապես աճել է համացանցի
օգտատերերի թիվը, ինտերնետն այլևս շքեղություն չէ, այլ մեր առօրյայի բաղկացուցիչ
մասը, և, լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը, կարծում ենք, որ
չափազանց կարևոր է կրթել համացանցի օգտատերերին և բարելավել անցանկալի
բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը», - նշեց Օրանժ Արմենիայի
գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ 2012թ-ից ի վեր՝ Orange-ն ինտերնետ
ծառայությունների հետ մեկտեղ իր բաժանորդներին առաջարկում է շատ մատչելի գնով
օգտվել Kaspersky Internet Security ծրագրից, որը երեխաների համար ապահովում է
պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից և տրամադրվում է մեկ ամիս
անվճար փորձաշրջանով:
««Ապահով համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում
կազմակերպում ենք մասնավոր կյանքի պաշտպանության ու անվտանգության հարցերին
նվիրված կրթական ծրագրեր և իրազեկման արշավներ: Սովորեցնում ենք, թե ինչ
միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և
վնասակար օգտագործումը: ՏՀՏ-ները կրթական և հաղորդակցական հզոր միջոց են, որոնք
սակայն ճիշտ և նպատակային օգտագործման կարիք ունեն: Փորձը ցույց է տալիս, որ
ՏՀՏ-ների ստեղծագործական կիրառումը դասապրոցեսում խթանում է պոզիտիվ
բովանդակության օգտագործումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող
երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու
դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,-ասաց «Ապահով Համացանց Հայաստան»
ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:
Մեդիակրթության կենտրոնն առաջարկում է Ինտերնետ գրագիտության ուսումնական ծրագրեր՝ դասավանդողների և սովորողների համար: Կազմակերպությունը աջակցում է դպրոցներին ստեղծելու կրթական էլեկտրոնային բովանդակություն, տրամադրում է գործիքներ և էլեկտրոնային հարթակներ համագործակցության համար:
Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների
կողմից սպառվող ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են
այցելել www.safe.am
կայք, որտեղ տեղադրված են համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ
տեղեկություններ և խորհուրդներ:
Հիշեցնենք, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը սկսած 2004 թվականից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, համախբում է մարդկանց` պայքարելու ապօրինի, վնասակար և անցանկալի բովանդակության դեմ: