«ՎիվաՍել ՄՏՍ»
ընկերությունն, անկասկած, որոշակի ճնշում
է զգում Հայաստանի արժույթի շուկայում առկա իրավիճակի առնչությամբ: Այդ մասին
հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում:
Նրա ասելով, ընկերությունում ակնկալում են, որ հայկական
դրամի արժեզրկումը լրջորեն չի ազդի «ՎիվաՍել-ՄՏՍ» գործունեության վրա: «Հուսով
ենք, որ արժեզրկման գործընթացը չի
շարունակվի` չնայած շուկայում առկա
իրավիճակին առնչվող բոլոր դժվարություններին: Կարող եմ նշել սոսկ մեկ օրինակ. երբ
մենք րոպեներ ենք գնում արտասահմանում, որոնք անհրաժեշտ է վերավաճառել ընկերության
բաժանորդներին, այդ րոպեների դիմաց վճարումը պետք է կատարենք դոլարով, սակայն դրա
համար հարկավոր է դրամը փոխանակել արտարժույթով: Մի քանի ամիս առաջ խոսք էր գնում
մեկ թվի մասին, իսկ այսօր` մեկ ուրիշ: Միևնույն ժամանակ, մեր սակագները չեն
բարձրացել, դրանք կամ նախկին մակարդակում են, կամ նվազում են», - նշել է գլխավոր
տնօրենը, հավելելով, որ այսօրվա դրությամբ ընկերությունը մտադիր չէ բարձրացնել
սակագները` արժույթի շուկայում առկա իրավիճակի առնչությաբ: «Առաջիկայում
միջազգային զանգերի սակագների բարձրացում չի նախատեսվում: Ընդհակառակը, մենք միշտ ծառայությունների
արժքի նվազեցման հնարավորություններ ենք փնտրում, որպեսզի շուկայում մրցունակ
լինենք` մեր բաժանորդներին տրամադրելով հարմար սակագներ: Սակայն դժվար է
կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսությունում, և դա ինչ հետևանքների
կհանգեցնի: Կարևոր է ամեն բան քննարկել և
հաշվարկել` պայմանավորելով տնտեսական կանխատեսումներով: Եվ դրանից հետո միայն
համապատասխան քայլեր ձեռնարկել: Չեմ կարծում, թե սակագների բարձրացման մասին
հապճեպ որոշմամբ կարելի է խնդիրները լուծել: Անհրաժեշտ է հասկանալ իրավիճակը և
կողմնորոշվել Հայաստանի տնտեսության միտումներով», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին դոլարի փոխարժեքը կազմել է
457.31 դրամ` նախորդ օրվա համեմատ բարձրանալոց 2,23 դրամով: Եվրոյի փոխարժեքը
կազմել է 566.65 դրամ (բարձրացել է 4.81 դրամով), բրիտանական ֆունտինը` 716.65
դրամ (բարձրացել է 4.81 դրամով), իսկ ռուսական ռուբլունը`8 .42 դրամ (բարձրացել է 0.02 դրամով): Թանկարժեք
մետաղների գները. արծաթ` 240.69 դրամ, ոսկի` 18,040.4 դրամ, պլատին` 18,290.35
դրամ: "NASDAQ OMX ARMENIA"
բորսայում դեկտեմբերի 10-ին 100,000 դոլարի առքուվաճառք է կատարվել` դոլարի դիմաց
461 դրամ միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 461 դրամ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»
հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80%-ի
սեփականատերը Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե
տելեսիստեմի» ԲԲԸ-ն է, մնացած 20%-ը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային
խմբին: