Իջևանի անտառտնտեսությունում հերքում են զանգվածային ապօրինի ծառահատումների վերաբերյալ ակտիվիստների հայտարարությունները:
Նախօրեին Համահայկական բնապահպանական ճակատը տեղեկութուն էր տարածել ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տարածքում զանգվածային ապօրինի ծառահատումների մասին:
Մինչդեռ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Իջևանի անտառպետության անտառապետ Արտակ Դավթյանը նշել է, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով, ՀԲՃ կողմից տարածված լուսանկարներն արվել են Իջևանի անտառտնտեսության հետ առնչություն չունեցող այլ տարածքում: ՙՄենք կապվել ենք ակտիվիստների հետ և առաջարկել նրանց մեզ հետ միասին գնալ այն տարածք, որտեղ, նրանց խոսքով, զանգվածային ծառահատումներ են տեղի ունեցել, սակայն մերժում ենք ստացել՚,- ավելացրել է նա:
Դավթյանն ասել է, որ հիշյալ հրապարակումից հետո Բնապահպանական տեսչության Տավուշի տարածքայի բաժնի աշխատակիցներն այցելել են անտառտնտեսություն և հայտնաբերել ընդամենը երեք հատված ծառ: Փաստի առնչությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, մեղավորն արդեն հայտնի է: