Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու
ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ
են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի
նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ, որի համաձայն 2017 թվականի հունվարի 1-ից այն սահմանվել է 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ
Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է
միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով»
փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի
է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու
նպատակով:
Կենտրոնական բանկում գտնում են, որ առևտրային
բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է
երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը,
երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը և ֆինանսական
միջնորդության խորացումն է: Այն ուղղված չէ որևէ բանկի փակմանը, կամ բանկերի
քանակի նվազեցմանը:
Աղբյուրը նշում է, որ որոշումը ՀՀ կենտրոնական
բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, և արդեն 2 տարի
շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առևտրային բանկերի սեփականատերերի և
ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել և արդեն սկսել են
աշխատանքներն այս ուղղությամբ:
Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված
որևէ մտահոգություն չունի: Հայաստանի բանկային համակարգը կայուն է և
համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Ուստի բանկերի հաճախորդները
մտահոգվելու կարիք չունեն և բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից
այլ բան պետք չէ ակնկալեն:
Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ Կենտրոնական բանկի նոր նորմատիվը, որի համաձայն, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն, 2014 թվականի դեկտեմբերի 14-ին համապատասխան փոփոխություններ կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» ՀՀ օրենքի կանոնակարգ 2-ում: Խստացումն ուղղված է
բանկերի միաձուլմանն ու միավորմանը, ինչը կբերի այդ հատվածի մասնակիցների
խոշորացմանը, ապահովելով կապիտալի մասշտաբի դրական արդյունք, նպաստելով ավելի
որակյալ և մատչելի բանկային սպասարկմանը, միաժամանակ ձևավորելով առողջ մրցակցային
միջավայր: Բացի այդ, կբարձրանա բանկային գործունեության արդյունավետությունը և
կամրապնդվի կայունությունը: Արդյունքում, բարենպաստ միջավայր կձևավորվի նոր
տեխնոլոգիաների ու պրոդուկտների ներդրման համար, ինչը կբարձրացնի հայկական բանկերի
ներգրավվածությունը կապիտալի միջազգային շուկային` համագործակցության հետագա
խորացման համար: Դրա հետ մեկտեղ կբարձրանա բանկային համակարգի ճկունությունը և
զանազան տնտեսական իրավիճակների հետևանքով առաջացած ցնցումներին դիմակայելու ունակությունը, ինչպես
նաև կխորանա ֆինանսական միջնորդությունը:-