Որքան շատ է Ադրբեջանը նավթ և գազ արտահանում, այնքան ավելի կոշտ ու ապակառուցողական է դառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջինիս դիրքորոշումը: Այդ մասին իտալական Il Giorno պարբերականին հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նրա խոսքով, նավթադոլարների հաշվին Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 10 տարում աճել է 2500%-ով, սակայն այդ ծախսերը ոչինչ են, երբ Արցախի ժողովուրդը պայքար է մղում իր իրավունքների և ազատությունների համար: ՙԲաքուն շատ խելացի կվարվեր, եթե այս միջոցները ծախսեր բնակչության սոցիալական պայմանների բարելավման վրա, մինչդեռ Ադրբեջանը դարձել է Եվրասիական մայրցամաքի ամենառեպրեսիվ երկրներից մեկը՚,- հայտարարել է Սահակյանը:
ԼՂՀ նախագահը քննադատել է նաև միջազգային հանրության դիրքորոշումը`նշելով, որ այն երկակի չափանիշներ է կիրառում Ղարաբաղի հարցում, երբ ճանաչում է Կոսովոն և Հարավային Սուդանը, բայց չի ճանաչում Արցախը: ՙՍակայն, դա մեզ չի հուսահատեցնում, քանի որ մենք արդեն մեկ անգամ կարողացել ենք արյունահեղ պատերազմում պաշտպանել մեր ազատությունը և անկախությունը`հաղթելով մեզ պարտադրված անհավասար մարտում: Մենք մարտնչում էինք մեր օրրանի պաշտպանության, իսկ ադրբեջանցիները`տարածք զավթելու համար՚,- ընդգծել է Սահակյանը:
Նա ավելացրել է, որ Արցախը նահանջելու տեղ չունի, և ժողովրդավարական պետության կառուցման գործընթացն արդեն անշրջելի է: