Հայաստնում հանքավայրերի շահագործումն ուղեկցվում է կոռուպցիոն ռիսկերով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՙԹռչնասերների կենտրոն՚ ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանը:
Փորձագետը նաև ընդգծել է, որ հանքավայրերի շահագործումը երբեմն իրականացվում է կեղծված փաստաթղթերով: Միաժամանակ, ինչպես նշել է ակտիվիստ Լևոն Գալստյանը, հանքարդյունաբերությունն էկոլոգիական մեծ վնաս է հասցնում: Մասնավորապես, ծանր մետաղներն աղտոտում են հողը և ոռոգման ջրերը, ներթափանցում սննդային շղթայի մեջ:
Նրա կարծիքով, կուտակված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է պետական քաղաքականություն մշակել: Վերջին 2 տարում էկոլոգիայի վրա հանքարդյունաբերության ներգործության հարցերն սկսել են բարձրացվել նաև պաշտոնական մակարդակով: Սակայն, ինչպես նշել է Գալստյանը, դա սահմանափակվում է միայն խոսակցություններով և հստակ գործողությունների չի հանգեցնում:
Եվս մեկ թերություն է այն, որ որևէ պետական պաշտոնյա, ըստ էության, պատասխանատվության չի ենթարկվել նույնիսկ ակնհայտ բացթողումների համար: Որպես օրինակ`նա նշել է Արարատյան դաշտավայրի իրավիճակը, որտեղ ստորգետնյա ջրերի հորիզոններն իջել են առանց փորձագիտական գնահատականների ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու հետևանքով:
Փորձագետները և էկոլոգները բազմիցս նշել են, որ Հայաստանում, օրենսդրությունում բացթողումների պատճառով, նույնիսկ հանքաքարում արժեքավոր մետաղների նվազագույն պարունակությամբ հանքավայրերի շահագործումը գերշահութաբեր բիզնես է դառնում: Թափոնների համար հարկերից ազատումը լեռնահանքային ընկերություններին ազատել է պետբյուջե միլիոնավոր դոլարների վճարումից: