ՀՀ կառավարությունն արտոնություններ է տրամադրել Գյումրի
քաղաքի «Շիրակ» օդանավակայանին, ինչը կարող է բերել տոմսերի գների իջեցմանը:
Դեկտեմբերի 11-ին կայացած նիստում կառավարության հավանությունն է ստացել «Պետական
տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով
առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար
պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ,
խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը: Նա նաև նշել
է, որ այդ նպատակով ձեռք է բերվել նաև համաձայնություն, որով «Շիրակ» օդանավակայանում
մեկ ուղևորի սպասարկման արժեքը 45 եվրոյից կիջնի մինչև 20 եվրո: Վարչապետը նշել է,
որ նման փորձ արդեն եղել է Վրաստանի Քութաիսիի օդանավակայանում:
Գյումրի «Շիրակ»
օդանավակայանն սկսել է գործել 1961 թվականից և հանդիսանում է Հայաստանի երկրորդ
միջազգային օդանավակայանը: Այն գտնվում է Գյումրիից 5 կմ հեռավորության, իսկ
Երևանից` 120 կմ հեռավորության վրա: Օդանավակայանը գտնվում է «Արմենիա» միջազգային
օդանավակայաններ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո, որը պատկանում է
արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Օդանավակայանն արդիականացվել և
վերանորոգվել է 2007 թվականին:
Նշենք,
որ «Շիրակ» միջազգային օդանավակայանով 2013 թվականին տեղափոխվել է 66.5 հազար
ուղևոր, 2012-ի 71,5 հազարի փոխարեն: Անցյալ տարի տեղափոխվել է 3 հազար տոննա բեռ,
2012-ի 30 տոննայի համեմատ: Համեմատության համար նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանով
անցյալ տարի տեղափոխվել է 1.691 մլն ուղևոր, որքան և 2012-ին, ինչպես նաև 10.3
հազար տոննա բեռ, 2012-ի 12,2 հազար տոննայի համեմատ: