2013թ. առաջին կիսամյակի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) 5.5% աճ` հասցնելով այն մինչև 97.4 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկի ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) մասնաբաժինը կազմում է 76.6%: Ընդ որում` հաշվետու վեց ամիսների ընթացքում Բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 3.8%-ով`ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 127.1 մլրդ ՀՀ դրամ:
2013թ. հուլիսի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են 109.9 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 4.1%-ով, ընդհանուր կապիտալը կազմել է 17.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը` 12.3 մլրդ ՀՀ դրամ:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի՚ վարկային պորտֆելի ավելի քան 81 տոկոսը տնտեսության վարկերն են, ընդ որում մեծ մասը` 37%, բաժին է ընկնում արդյունաբերության հատվածին (2-րդ դիրքն ըստ բացարձակ մեծության), առևտրին`17% (9-րդ դիրք), շինարարությանը` 11% (3-րդ դիրք), հանրային սննդին և ծառայություններին` 5,5% (9-րդ դիրք), գյուղատնտեսությանը` 5,3%, (5-րդ դիրք): Վարկային շուկայում բանկի աշխուժացումը հնարավորություն է տվել միայն II եռամսյակում զուտ շահույթն ավելացնել 40%-ով: