Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի Ծածկած շուկայի մոտ ընթացող բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, ակցիան արդեն մեկ ժամ է, ինչ շարունակվում է, ուստիկանության ուժերով հաջողվեց ակտիվիստներին անջատել այսպես կոչված ՙտեղի բնակիչներից՚: Նշենք, որ վերջիններս պատրաստակամություն էին հայտնել` պաշտպանել սուպերմարկետի շինարարությունը Ծածկած շուկայի տարածքում:
Ի տարբերություն ՙԱզատագրենք հուշարձանն օլիգարխից՚ շարժման մասնակիցների, այսպես կոչված ՙմերձակա տների բնակիչներն՚ իրենց պահում են ծայր աստիճան ագրեսիվ և պարբերաբար փորձում են ճեղքել ոստիկանության բլոկադան ու ՙխոսել՚ ակտիվիստների հետ:
Հիշեցնենք, որ չնայած շինարարության անօրինական լինելու վերաբերյալ հասարակայնության բազմաթիվ հայտարարություններին, շինարարարական աշխատանքները շուկայի ներսում շարունակվում են: Բացի այդ, շենքի ներսում արդեն ավարտվում են ներքին հարդարման աշխատանքները, ըստ ԶԼՄ-ների, իսկ արդեն երկու շաբաթից, Ծածկած շուկայի տարածքում կսկսի գործել մի նոր սուպերմարկետ: Նշենք նաև, որ Ծածկած շուկայի սեփականատերն է պատգամավոր-օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: