Բաքուն փորձում է սև կատվին գտնել մութ սենյակում,
մինչդեռ այդ կատուն իր ծոցում է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես է
արձագանքել իր ադրբեջանցի պաշտոնակից Զիաֆեթ Ասկերովի այն հայտարարությանը, թե
«հայկական «ՄԻ-24» ուղղաթիռը մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, և ադրբեջանական
կողմի պատասխանը եղել է համարժեք»:
Շարմազանովի ասելով, միանշանակ է, որ ուղղաթիռին առնչվող
միջադեպից հետո Ադրբեջանը խախտել է բոլոր միջազգային իրավական նորմերը, այդ թվում`
Ժնևի կոնվենցիան` անդադար գնդակոծության տակ պահելով ուղղաթիռի անկման վայրը և
թույլ չտալով տարհանել անձնակազմի դիակները: «Եվ անհեթեթ հայտարարություններով
հանդես գալու փոխարեն` ավելի լավ կլինի, եթե Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչները,
պարզապես, լռեն», - նշել է ԱԺ փոխխոսնակը:
Նշենք,
որ Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը լրագրողներին
հայտարարիել էր, թե հայկական «ՄԻ-24» ուղղաթիռը
մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, և ադրբեջանական կողմի պատասխանը եղել է
համարժեք: «Միջազգային կազմակերպությունները հայերի ճնշման ներքո աղմուկ են
բարձրացնում, սակայն նրանք մոռանում են, որ խոցված ուղղաթիռն ընկել է Աղդամի
տարածքում: Նաև` համախագահող երկրները հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը: Այդ դեպքում ինչու՟ այդ երկրները Հայաստանին հարց
չեն տալիս, թե ինչ է նա անում այլ երկրի տարածքում: Ինչո՟ւ նրանք չեն հարցնում, թե ինչու էր նրա ռազմական ուղղաթիռը հայտնվել
Աղդամի տարածքում»: Զ.Ասկերովի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոցված
ուղղաթիռի առնչությամբ պետք է բացատրություն պահանջեն ոչ թե Ադրբեջանից, այլ`
Հայաստանից: