Հայաստանը գրավիչ երկիր չէ ներդրումային տեսակետից, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նա հայտարարել է, որ տնտեսության բոլոր ոլորտներում գոյություն ունի ՙստվեր՚: Ըստ որում, նախարարը երկրում ստեղծված իրավիճակի ողջ մեղքը բարդել է լրագրողների վրա, ովքեր, նրա կարծիքով, իրենց ՙդատարկ՚ հոդվածներով խանգարում են կառավարության աշխատանքին, խաթարում գործադիր իշխանության հանդեպ փոքր և միջին բիզնեսի վստահությունը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ աշխարհի շատ երկրներում բարձր են գնահատում Հայաստանի փորձը, և բոլորը ցանկանում են փոխառել այն: ՙՄենք ցանկանում ենք արտոնություններ տրամադրել փոքր և միջին բիզնեսին, իսկ դուք ձեր հոդվածներով խաթարում եք նրանց վստահությունը մեր հանդեպ՚,- հայտարարել է նա:
Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանում ստեղծված է այնպիսի կառավարման համակարգ, որը կախված չէ անձերից:
Խաչատրյանը պատասխանել է բիզնեսի առկայության վերաբերյալ իր հասցեին հնչած մեղադրանքներին` հավաստիացնելով, որ ինքը ձեռնարկություններ չունի: ՙԻնչ վերաբերում է ՙUcom՚-ին, որն իբր իրեն է պատկանում, ապա դրանով կարելի է միայն հպարտանալ, քանի որ այն 100% մաքուր է աշխատում՚,- նշել է նա:
Նշենք, որ մայիսի 20-ին կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ չի կարող վստահել կառավարությանը, որի անդամ է Գագիկ Խաչատրյանը: ՙԵթե ֆինանսների նախարարը տրանսպորտային գծերի, տաքսի ծառայությունների և ՙUcom՚ ընկերության սեփականատեր է, անաչառ կառավարման մասին խոսք անգամ չի կարող լինել՚,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը: