Ճարտարապետներին զայրացրել են Երևանի քաղաքապետարանի` Հանրապետության հրապարակը վերակառուցելու ծրագրերը: Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել էր հրապարակի վերակառուցման հայցակարգի նախագծի բաց մրցույթ, որի հայտերն կընդունվեն մայիսի 29-ից օգոստոսի 29-ը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը, այդ պլանները վտանգ են ներկայացնում Հանրապետության հրապարակի ամբողջությունը պահպանելու առումով: Նա չի բացառել, որ մրցույթի անցկացումը, ԱԳՆ շենքի վաճառքը, ինչպես նաև հրապարակի տակ ներգետնյա ավտոկայանատեղի շինարարության մասին լուրերը նույն շղթայի օղակներն են: Մինասյանը տեղեկացրել է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին խոսակցություններ նախկինում էլ են եղել: Ճարտարապետի համար անակնկալ էր ոչ միայն քաղաքապետարանի կողմից տարածած տեքստը, որտեղ հիմնավորվում էր մրցույթի անցկացման անհրաժեշտությունը, այլ նաև փորձագետների ժյուրիի ցանկը: ՙԵս չգիտեի այն մասին, որ ինձ կընդգրկեն ժյուրիի կազմում, և չեմ ցանկանում մասնակցել դրան՚,-ընդգծել է նա:
Իր հերթին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ԱրմԻնֆո-ին հայտարարել է, որ հրապարակի վերակառուցումը հանդիսանում է կատարյալ անմտություն: ՙԵթե դատենք առողջ ձևով, դա պատկերացնել անգամ անհնար է՚,-ասել է նա: Փորձագետը չի բացառել նաև, որ իրականում նախագիծն արդեն, հավանաբար, պատրաստ է, իսկ մրցույթը հայտարարվել է այն օրինականացնելու նպատակով: Քալաշյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հրապարակի վերակառուցման գաղափարը պաշտոնապես չի քննարկվել ոչ քաղաքաշինության, որ մշակույթի նախարարություններում, և ոչ էլ քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովներում: Ինչպես և Մինասյանը, ճարտարապետը հայտարարել է, որ ինքը թույլ չի տվել իր անունն ընդգրկել մրցույթի ժյուրիի անդամների կազմում: Քալաշյանը նաև նշել է, որ մտադիր է բոյկոտի ենթարկել հայտարարված մրցույթը:
Հիշեցնենք, որ մրցութային հանձնաժողովը կգլխավորի Նարեկ Սարգսյանը: Հրապարակի վերակառուցման անհրաժեշտության վերաբերյալ իր որոշումը քաղաքապետարանը հիմնավորել է նրանով, որ հրապարակը վերածվել է մեծ բեռնվածություն ունեցող տրանսպորտային հանգույցի, իսկ կառուցապատումների արդյունքում մերձակա տարածքներում խախտվել են հրապարակի դոմինանտի գլխավոր պայմանները: