Չնայած ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությանը` նոր պատերազմի հավանականությունը մեծ չէ, հունիսի 28-ին Գյումրիում լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն ընդգծել է, որ մեծ հաշվով պատերազմի սպառնալիք միշտ կա, սակայն հայկական զինված ուժերը հետևողականորեն բարձրացնում են իրենց մարտունակությունը: ՙՄենք ամեն օր պարտավոր ենք պատրաստ լինել հակառակորդի ագրեսիայի հետմղմանը՚,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է Բաքվի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին, Օհանյանի կարծիքով, դրանք ուղղված են Հայաստանի կողմից միակողմանի զիջումների հասնելուն, սակայն այդ փորձերը դատապարտված են: ՙՄեկ անգամ մեզ արդեն ներքաշել են պատերազմի մեջ, բայց մեզ հաջողվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղը և մեր սահմանները: Այսօր անհնար է ստիպել մեզ միակողմանի զիջումների գնալ: Հայկական կողմը հանդես է գալիս փոխըմբռնման հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՚,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նա նաև ավելացրել է, որ հակառակորդի կողմից զենքի գնումները մտահոգում են Հայաստանին, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, և Հայաստանը հաջողությամբ պահպանում է ուժերի հավասարակշռությունը`գերճշգրիտ և որակյալ զենքի, ինչպես նաև արհեստավարժ անձնակազմի միջոցով: