Վաշինգտոնը ՙնոր ջանքեր և վստահություն՚ է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններում, ՙԹուրանին՚ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Անդրադառնալով համանախագահների առաջիկա այցին տարածաշրջան` նա ասել է, որ իր աշխատանքի իմաստը համարում է երկու երկրների ժողովուրդների և կառավարությունների կողմից այնպիսի որոշման կայացումը, որը տևական խաղաղություն ապահովի տարածաշրջանում: ՙՏարածաշրջանին իմ ծանոթացումը հաստատում է, որ մարդիկ ցանկանում են կարգավորում և գիտակցում են, որ կլինեն կորուստներ: Եթե հակամարտությունը կարգավորվի, վստահ եմ, դա Կովկասին կբերի բարգավաճում: Ուստի մենք պետք է փնտրենք և գտնենք այնպիսի ուղիներ, որոնք մարդկանց և կառավարություններին թույլ տան հասնել այդ նպատակին՚, - ասել է հնամանախագահը:
Տարածաշրջանում առկա իրավիճակը որակելով ՙվտանգավոր՚` Ուորլիքը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զինվել, թեև հակամարտությունն ունի ՙհայելային հնարավորություններ՚, եթե երկու երկրների ղեկավարները ընտրեն խաղաղ տարբերակը և Մինսկի խմբի ձևաչափը: Հաշվի առնելով, որ այսօր միջնորդները երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ փորձում են սեղանի շուրջ նստեցնել երկու երկրների ղեկավարներին, ՙկենսական կարևորություն է ձեռք բերում միմյանց հանդեպ կողմերի վստահության աստիճանը՚, նշել է նա: ՙՀաջորդ շաբաթ մենք պատրաստվում են այցելել տարածաշրջան` երկու նախագահների հետ հանդիպելու համար, հուսով ենք, որ նրանք իրենց հանդիպման վերաբերյալ որոշում կկայացնեն: Կարևոր է բաց պահել դռները, պահպանել կապերը և վարել առաջընթացի շուրջ արդյունավետ բանակցություններ: Ես հուսով եմ, որ Մինսկի խումբը կարող է օգնել դրանում՚, - ընդգծել է Ուորլիքը:
Պատասխանելով առաջիկա հանդիպման ժամանակի և վայրի մասին հարցին` դիվանագետն ասել է, որ ՙդա կախված կլինի հենց նախագահներից՚: ՙԵս հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով, բայց կախված է հենց իրենցից՚, - ասել է համանախագահը: Ինչ վերաբերում է բանակցությունների և քննարկվելիք թեմաների մանրամասներին, դիվանագետը նշել է, որ ՙառաջ պետք է նայել իրատեսորեն՚: ՙԱյժմ անհրաժեշտ է ձեռնարկել գործնական քայլեր, որոնք անհրաժեշտ են լայնածավալ բանակցություններ վարելու և հանգուցալուծման հասնելու համար. Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հենց դրան են սպասում՚, - ասել է նա:
Չորեքշաբթի Ջեյսմ Ուորլիքը ելույթ է ունեցել Ջորջթաունի համալսարանում` Հարավային Կովկասում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի քաղաքականությանը նվիրված խորհրդաժողովում: ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ` թեև այն կարելի է անվանել նաև մոռացված հակամարտություն՚, - ասել է նա` ելույթ ունենալով հավաքվածների առջև: