Եվրախորհրդարանի ՙԵվրոպական բարիդրացիության քաղաքականության վերաբերյալ՚ բանաձևի` Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթները պայմանավորված չեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմամբ կամ հանրապետության հանդեպ Եվրախորհրդարանի վերաբերմունքի փոփոխմամբ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:
Պատասխանելով այն հարցին, թե անձամբ ինքն ինչպես է վերաբերում բանաձևի` ԼՂՀ-ին առնչվող դրույթներին` պատգամավորը հայտարարել է. ՙԲանաձևն ընդունվել է եվրախորհրդարանականների մեծ մասի կողմից և հանդիսանում է ԵՄ պաշտոնական փաստաթուղթը՚:
Ավելի վաղ Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ փաստաթղթում առկա ձևակերպումները հակասում են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ողջ տրամաբանությանը:ՙԵս չեմ հիշում մեկ այլ նման բանաձև, որն այդքան կտրուկ և միակողմանի, իրականությունից կտրված գնահատականներ պարունակեր: Այստեղ մենք, իհարկե, չենք կարող անուշադրության մատնել նաև այն հանգամանքը, որ նման բանաձևի ընդունումն իրավիճակային մոտեցման արտացոլում է` կապված հայտնի իրադարձությունների հետ /Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշում-խմբ./: Կարծում եմ`Եվրախորհրդարանի մեր գործընկերները ղեկավարվում են սխալ նկատառումներով՚,- ասել է նա:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար լիստում ընդունվել է Եվրոպական բարիդրացիության քաղաքականության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, բանաձևի 16 հոդվածում Եվրախորհրդարանը հիշեցրել է ՙԱրևելյան գործընկերության անդամ մեկ պետության կողմից մյուսի տարածքը զավթելու մասին՚, ինչը հանդիսանում է Եվրոպական գործընկերության հիմնադիր սկզբունքների և նպատակների խախտում: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը`ելնելով ՄԱԿ-ի ԱԽ կողմից 1993 թվականին ընդունված 4-րդ բանաձևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադիր սկզբունքներից, որոնք ընդունվել են 2009 թվականի հունիսի 10-ին Ակվիլի համատեղ հայտարարութան մեջ: Բանաձևում առաջին անգամ ընդգծվում է, որ ղարաբղայան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի հիման վրա, որը պահանջում է ՙԱդրբեջանի տարածքից օկուպացիոն ուժերի անհապաղ, անվերապահ և լրիվ դուրսբերում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ապահովում՚: