ՀՀ վարչապետ Հովիկ
Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի
Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք
Թբիլիսիում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ
կառավարության մամուլի ծառայությունից, երկու երկրների վարչապետների
առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով
բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին
Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային
լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն
ամփոփող հայտարարությամբ:
Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետների
հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան - Քիչ առաջ ավարտվեց
Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումը, որն
անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Վերահաստատելով երկու երկրների միջև
առկա ամուր բարեկամական կապերը և պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա
հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի
լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություններին,
ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային կապի բարելավմանը, հումանիտար և
մշակութային կապերի խորացմանը:
Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական
հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը,
որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման
լավագույն միջոցն է:
Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների
զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն
քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես,
Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր՝ Բարեկամության կամուրջի շինարարության հարցը,
ինչի համար շնորհակալ եմ Վրաստանի վարչապետից:
Մեծապես
կարևորվեց Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը: Էներգետիկ ոլորտում
կարևորվեց Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը:
Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի
կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվեց նաև
պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը:
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն
ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Օգտվելով
առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հրավերի
և ջերմ ընդունելության համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի – Ցանկանում եմ նշել, որ ընթացիկ տարին
Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների հարցում առանձնապես ակտիվ դինամիկայով է
աչքի ընկնում: Օգոստոսին պաշտոնական այցով գտնվում էի Հայաստանում: Այցի ժամանակ
մենք քննարկեցինք մեր երկրների միջև հարաբերությունների լայն շրջանակ և
նախանշեցինք դրանց հետագա զարգացման հեռանկարներ: Այսօրվա հանդիպումը մեր
ընդհանուր շահերի հետ կապված հարցերի շուրջ Երևանում սկսված երկխոսության
շարունակությունն է:
Մենք նշեցինք, որ Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն
ունեն սերտ հարաբերություններ ՝ և´ քաղաքական, և´ տնտեսական, և չնայած նրան, որ
հունվարից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանն
ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր, մեր
հարաբերությունների վրա դա չի ազդի. ընդհակառակը, մենք դա կկիրառենք մեր երկրների
շահերի համար:
Մենք
առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկու երկրների միջև գոյություն ունեցող
առևտրային ռեժիմի պահպանմանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Ցանկանում եմ նշել նաև, որ այսօրվա հանդիպումը մեկ անգամ ևս հավաստեց, որ
Հայաստանի և Վրաստանի՝ որպես բարեկամ երկրների միջև կա կամք՝ էլ ավելի զարգացնելու
մեր փոխշահավետ հարաբերությունները: Մենք այսօր հավաստեցինք, որ մեկ կամուրջ
կկառուցվի, որն անվանեցինք Բարեկամության կամուրջ: Շնորհակալություն Հայաստանի
վարչապետին և պատվիրակությանը Վրաստան կատարած այցի համար: