Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական թոշակառու է և ձախողված քաղաքական գործիչ: Երբեմն ավելի լավ է` նա լռի, քան թե խոսի՚: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն այդպես է արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում Շարամզանովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղին սպառնացղո վտանգի վերաբերյալ առաջին նախագահի արտահայտությունները, հիշեցրել է 1992 թվականի մարտի 5-ին ՙԿոմսոմոլսկայա պրավդային՚ տված հարցազրույցը, որում նա հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնավար հանրապետություն պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ ՙԷլ չեմ ասում, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մարդու արտաքին քաղաքականության մեխերից մեկը քիրվայությունն էր ադրբեջանցիների հետ՚, - ասել է Շարմազանովը։
Հիշեցնենք, որ iLur.am-ին հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի: ՙՀայաստանի և Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից: ՙԱյն, որ վերջինս, բացառությամբ անձնական և կլանային բարգավաճման բնագավառի, այդ պաշտոնում բոլոր մնացյալ առումներով լիովին ձախողվել է, բանական մարդու մոտ, իհարկե, որևէ կասկած չի հարուցում։ … Իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար։ Պատասխանը, որքան էլ ցավալի, միանշանակ ՙո՛չ՚ է՚, - հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահը վստահ է այդ դիրքորոշմանը, ելնելով այն բանից, որ ՙիր անհաշվենկատ, ավելի ճիշտ՝ արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործընկերոջ համբավ՚: