ՙՉեմ կարծում, թե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը տորպեդահարելու փորձ՚,- հայտարարել է քաղաքագետ, ՙՆոյյան Տապան՚ թերթի տեսաբան Անդրեյ Արեշևն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Նազարբաևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ՙճանապարհային քարտեզը՚, սակայն` հատուկ կարծիքով, քանի որ պահանջում է Մաքսային միության սահմանների հարցի պարզաբանում` Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ:
Արեշևի խոսքով, Նազարբաևն, ամենայն հավանականությամբ, ընդամենը փաստել է ղարաբաղյան խնդրի չլուծվածության, և, որպես հետևանք, սահմանների անորոշության հետ կապված որոշակի խնդրի առկայությունը: ՙԴա խնդրի արձանագրում է, ինչի մասին գիտեն բոլորը, այդ թվում`Հայաստանում: Կարծում եմ, որ Ղազախստանի կողմից համապատասխան վերապահում կլինի ՄՄ-ին Հայաստանի անդամակցման ՙճանապարհային քարտեզը՚ ստորագրելիս: Նման վերապահումներ կիրառվում են ամենուրեք միջազգային համաձայնագրեր ստորագրելիս: Բայց, որպես կանոն, դրանք էական ազդեցություն չեն ունենում այդ համաձայնագրերի կյանքի կոչման վրա՚,- նշել է Արեշևը: Թե ինչու է Ղազախստանի նախագահը հիշատակում ղարաբաղյան խնդրի առկայության մասին, փորձագետը դժվարացել է ասել:
Այն հարցին, թե արդյոք պատճառների թվում չի կարելի դիտարկել Ադրբեջանի հետ տնտեսական սերտ կապերը`Արեշևը պատասխանել է, որ հազիվ թե այդ կապերը որպես խոչընդոտ դիտարկվեն, քանի որ Ղազախստանը համագործակցություն է ծավալում նաև Հայաստանի հետ: ՙԿարելի է նկատի ունենալ բազմաթիվ փաստեր, այդ թվում`այն հանգամանքը, որ Ղազախստանը բավականին բարդ երկիր է, ինչպես և Ռուսաստանը: Թե’ մեկում, թե’մյուսում ինտեգրացիոն գործընթացների բազմաթիվ հակառակորդներ կան: Կարծում եմ, այդ ամենը կարելի է դիտարկել դիրքորոշումների նորմալ համաձայնեցման շրջանակներում՚,- ամփոփել է քաղաքագետը: